Loading...
ԺԱՄԱՆՑ ԼՐԱՀՈՍ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Իրավիճակային նոր կատակերգություն ռուսական շուկայի համար․ գլխավոր հերոսը Մկոն է, նկարահանվել է նաև Հրանտ Թոխատյանը

Загрузка...

Տարօրինակ կենսակերպով ու զվարճալի իրավիճակներում հայտնվելու «մեծ փորձով» Գոշան կզվարճացնի հեռուստադիտողներին։ Սարգիս Մնոյանի հեղինակած «Գոշա» նախագիծը 14 սերիայից բաղկացած առանձին-առանձին պատմություններ են, որոնք հիմնված են իրավիճակային հումորի վրա։  Կատակերգության ողջ պատմությունը պտտվում է Գոշայի շուրջ, որին մարմնավորել է Մկրտիչ Արզումանյանը։  Ռուսական շուկայի համար ստեղծված այս նախագիծը «Սուպեր» հեռուստաալիքի եթերում կլինի հունվարի 25-ից։  

Նախագծի կրեատիվ պրոդյուսեր և սցենարի համահեղինակ Սարգիս Մնոյանը Tert.am Life-ին նկարահանման հրապարակից լուսանկարներ է տրամադրել և պատմել նախապատմությունը։  

«Միտքն ինձ մոտ բավականին վաղուց կար, սակայն անընդհատ չէր ստացվում։ Ի սկզբանե մտահղացումը եղել է հենց Մկոյի մասնակցությամբ և ցանկություն կար, որ նախագծում շեշտը դրվի նրա դերասանական տաղանդի վրա, որտեղ խոսքը զիջելու է միմիկաներին։ Կադրում Մկոյի հերոսը գրեթե չի խոսում և իր բոլոր էմոցիաները, ապրումները, իրավիճակները արտահայտում է ժեստերով, շարժուձևով, դիմախաղով, բայց ոչ խոսքով։ Սա բավականին բարդ է։  Տարիներ շարունակ  չէր ստացվում սա իրագործել, սակայն պահը հասունացավ՝ ես պատմեցի Մկոյին, նրան էլ դուր եկավ գաղափարը և որոշեցինք, որ պետք է այն իրագործենք։ Կար ավելի մեծ լսարանի համար ներկայացնելու հնարավորություն և մենք դա օգտագործեցինք։  Գարիկ Մարտիրոսյանի միջնորդությամբ նախագիծը ռուսական շուկայում առաջ շարժվեց»,- ասաց Սարգիս Մնոյանը։

Սցենարի համահեղինակն է Աշոտ Աբրահամյանը, որի հետ Սարգիսը մշակել է հերոսի կենսակերպը, բննավորությունն ու նրան շրջապատող աշխարհի առանձնահատկությունները․ «Գոշան ապրում է սովորական աշխարհում, սովորական իրականության մեջ, սակայն  ինքն իր աշխարհն ունի, որովհետև ինքը մի փոքր տարօրինակ անձնավորություն է։ Մոտ երկու ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո Մոսկվայում իրականացրինք նկարահանումները։  Նախագիծն ամբողջությամբ նկարահել ենք Մոսկվայում»։

Սարգիսն ասաց՝ բացի Մկոյի կերպարից մյուս բոլոր դերերը հիմնականում էպիզոդիկ են․ «Սերիաներից մեկում նկարահանվել է նաև Հրանտ Թոխատյանը, սակայն պատմությունն այնպիսին է, որ բացի Գոշայից մյուս բոլոր կերպարներն էպիզոդիկ են։ Մի քիչ ավելի հաճախ հանդիպող կերպար է այն աղջիկը, որին Գոշան սիրահարված է՝ Յուլյան, ում կերպարը մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Վիկտորյա Ռումցովան»։

Հայ հեռուստադիտողին ևս այս նախագիծը հասանելի կլինի․ «Սա առաջին հերթին նկարահանվում էր Ռուսաստանի համար, սակայն մենք  փորձել ենք այնպես անել, որ պատմությունը հասկանալի լինի ցանկացած ազգության ու լեզվի մարդու համար։  Բացի գաղափարական մոտեցումները, տեխնիկական մասով ևս հասանելի է, որովհետև երկխոսություններ գրեթե չկան։  Հույս ունենանք, որ բացի Ռուսաստանից ու Հայաստանից՝ մյուս բոլոր երկրներում էլ այն կնայեն։  Սա իրավիճակային հումոր է, որտեղ հերոսի գործողություններն արդեն իսկ ծիծաղելի են»,- ասաց Սարգիսն ու հավելեց, որ ռեժիսորի՝ Միխայիլ Միրոնովի դերակատաումը ևս մեծ է, քանի որ իրենք կարողացել են ստանալ այն, ինքն իսկապես ցանկացել են։

ՀեղինակԶառա Ղազարյան

89 просмотров