Loading...
ԼՐԱՀՈՍ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

«Ինչ֊որ մեկի պատվերը չեմ անում, աշխատում եմ հանդիսատեսի համար»․ Ռաֆայել Երանոսյանը՝ «tRaffik»-ը վերջին անգամ խաղալու և նոր նախագծի մասին

Загрузка...

Ավելի քան մեկ տարի լսարանին «tRaffik» մոնոներկայացմամբ ներկայանալուց հետո դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը վաղն այն կխաղա վերջին անգամ, թեև համարում է, որ թեման իրեն չի սպառել:

Դերասանը մոտ մեկ ամիս դադար կվերցնի, որի ընթացքում կպատրաստվի նոր՝ «Էվոլյուցիա» մոնոներկայացմանը։ Նա ասաց, որ նախագծի աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ մանրամասներն առաջինը պատմեց Tert.am Life֊ին։

««tRaffik»֊ի բոլոր ներկայացումներն անցել են լեփ֊լեցուն դահլիճներում, մարդիկ բարձր տրամադրությամբ, գոհ դուրս են եկել դահլիճից, սակայն ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը։ Չենք ուզում թեման այնքան քամել, այնքան երկարեցնել, որ էլ մարդ չգա։ Ցանկանում ենք բարձր վարկանիշով փակել այն ու ձեռնամուխ լինել նոր աշխատանքի։ Այս անգամ ևս ինձ հետ աշխատում է «tRaffik»֊ի թիմը՝ սցենարիստն Արմեն Վարդանյանն է, մեր թիմին միացել է նաև Դավիթ Թորոսյանը։ Այս դեպքում ասելիքը մի քիչ այլ է։ Հետաքրքիր գործ է սպասվում, որը նախատեսում ենք ներկայացնել ապրիլին»,֊ ասաց դերասանը:

Ըստ Ռաֆոյի՝ հանդիսատեսին կներկայացնի ծանոթ թեմաներ՝ նոր մոտեցմամբ․ «Հետաքրքիր գիծ ունենք, որը վերնագրի տրամաբանական շարունակությունն է՝ «Էվոլյուցիա»։ Մենք՝ հայերս, աշխարհին տվել ենք այնպիսի անուններ, որոնք փոխել են մարդկության կյանքը, տարել էվոլյուցիայի, սովորեցրել, կիրառության մեջ դրել իրեր, որոնք կյանքը հեշտացրել են։ Կարելի է մի ամբողջ շարք թվել՝ բանկոմատից մինչև դոլարի կանաչ գունավորումը։ Այս ամենով հանդերձ, մեր ներսում էվոլյուցիան ուրիշ կողմ է տանում, գալիս է մի կետի ու կանգնում, վերջ։ Փակագծերը չեմ բացի, որ հանդիսատեսին հետաքրքիր լինի, սակայն վստահ կասեմ, որ ներկայացումը ոչնչով չի զիջի «tRaffik»֊ին»։

Դերասանի խոսքով՝ «tRaffik»֊ը բավականին երկար կյանք ունեցավ, քանի որ ընտրել էին ճկուն թեմաներ, այս դեպքում էլ թեմաների ընտրությունն արել են նույն սկզբունքով՝ չշրջանցելով նաև քաղաքական ենթատեքստերը․ «Մենք ընտրում ենք ճկուն թեմաներ, որոնք  ժամանակի հետ հանդիսատեսին չեն ձանձրացնում։ Քաղաքական հումոր կլինի, քանի որ անգամ հասարակական, գյուղական կյանքի մասին կատակելիս այն ունենում է քաղաքական ենթատեքստ: Իմ հումորն ամբողջությամբ քաղաքականության վրա հիմնված չէ, բայց կան կարճ հաղորդագրություններ։ Որևէ թևի չեմ հարում, իմ հանդիսատեսի շարքերում քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ կան։ Ես ինչ֊որ մեկի պատվերը չեմ կատարում, աշխատում եմ հանդիսատեսի համար»։

Ռաֆոն հատուկ շեշտեց, որ «Էվոլյուցիան» մոնոներկայացում է, ոչ թե «սթենդ ափ», ապա հիմնավորեց․ «Ես բեմին ուղղակի չեմ կանգնում ու միայն խոսում, կնոջ բարեմասնությունների մասին էժանագին հումորներ չեմ անում, ավելի շատ ասելիք եմ ներկայացնում։ Սպասվող մոնոներկայացման ասելիքն էլ ավելի շատ ու ճոխ է»։

ՀեղինակԶառա Ղազարյան

46 просмотров